ARDANUÇ

Ardanuç, Turkey, July 2006

Forum Activities

«Մշակութային Կովկաս» միջազգային հասարակական շարժման համար 2006 թվականը եւս համարվեց հաջողակ տարի:

Հայաստանում (Գյումրի) եւ Վրաստանում (Ուպլիսցիխե) կայանալուց հետո պատմամշակութային հուշարձանների մաքրմանը եւ միջմշակութային շփումներին նվիրված մեր ծրագիրը այս տարի տեղափոխվեց տարածաշրջանի արեւմտյան հատված ՝ Թուրքիա:

Այս երկրում նման հագեցած եւ ազնվաբարո միջոցառում իրականացնելու համար ծրագրի փորցառու մասնակիցների շարքերը համալրվեցին նոր երիտասարդ եւ առույգ ուժերով:

Միախմբված եւ միահամուռ թիմը հաջող գրավական է ցանկացած ձեռնարկի համար: Այդպիսինն էր նաեւ 6 երկրներ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, ԱՄՆ եւ Թուրքիա, ներկայացնող մասնակիցներից կազմված մեր խումբը:

Արեւի շողին նմանվող մեր միկրոավտոբուսը «ցատկոտում» էր մի բլրից մյուսը, սլանալով այնպիսի հեռավոր անկյուններ, որտեղ, թվում էր թե, մարդը երբեք մուտք չի գործել, մեկ կարեւոր նպատակով՝ հասցնել մարդկանց շարժման գաղափարը:

Զարմանք էր պատճառում այն, թե ինչպես են մեր նախնիները դարեր առաջ նման բարձրադիր եւ դժվարամատչելի վայրերում կառուցել այսպիսի հոյակերտ ամրոցներ, բերդեր, պաշտամունքային կառույցներ եւ բնակելի տներ:

Հիացմունք էինք ապրում ամեն անգամ երբ համոզվում էինք, որ այդ կառույցները բախտի քմահաճույքին չեն մատնված, եւ ինչ-որ մի անտեսանելի ձեռք խնամում է դրանք:

Հարգանքով ու երախտիքով էինք լցվում տեղացիների հանդեպ, երբ հասկանում էինք, որ դա տեղի համայնքնք է, որ հոգում է հնագույն կառույցների վիճակը:

Դարերով ննջող այս հուշարձանները, կարծես, մեր այցի հետ արթնանում էին ու մեզ ներկայանում իրենց ողջ գեղեցկությամբ: Պատկերն առավել տպավորիչ ու ներդաշնակ էր դառնում, երբ հնչեցնում էինք յուրաքանչյուր հուշարձանի ակունքից բխող ազգային երաժշտությունը, իսկ տեղի բնակիչների ջերմ եւ հյուրընկալ վերաբերմունքը ու նրանց աջակցելու պատրաստակամությունը դարձնում էին մեր հավաքը ավելի իմաստալից ու ընդլայնված:

Ամեն օր թիմը իր հետաքրքիր եւ հոգեպես հարստացնող աշխատանքից հետո վերադառնում էր Արդանուչ կոչվող փոքրիկ գյուղաքաղաքը: Տիպիկ թուրքական կոլորիտով այս քաղաքը անչափ հարազատ դարձավ մեր թիմի բոլոր մասնակիցների համար: Քաղաքի բնակիչները, արտահայտելով իրենց բարեկամական վերաբերմունքը, ջերմորեն ընդունեցին մեր խմբին իրենց հարսանեկան շուրջպարի մեջ: Ու չնայած յուրաքանչյուրը պարում էր իր ազգին բնորոշ ոճով, պարահանդեսն համախմբված եւ միահունչ ստացվեց: Կարող ենք վստահաբար ասել, որ կովկասյան տարածաշրջանի ոչ մի հարսանեկան խնջույք չի ունեցել այսպիսի ազգային, կրոնական եւ մշակութային բազմազանություն:

Խոսելով Թուրքիայում անցկացված ֆորումի մասին, չենք կարող շրջանցել Շավշատում անցկացվող միջոցառումը: Քաղաքապետարանի կողմից կազմակերպված այս միջոցառմանը մասնակցում էին հարակից բնակավայրերի գրեթե բոլոր բնակիչները: Դա մի մեծ տոնավաճառ էր, երգի ու պարի փառատոն՝ կազմակերպված քաղաքից դուրս՝ բնության գրկում: Այստեղ եւս մեր խումբը մասնակցեց փառատոնին: Շավշատի փառատոնը հատկանշական էր նրանով, որ այն անց էր կացվում «շրջակա միջավայրի պաշտպանության» կարգախոսի ներքո, մի բան, որ հարազատ էր մեր շարժման առաքելությանը եւ ներշնչեց ու ոգեւորեց մեզ հետագա աշխատանքների համար:

Համոզված ենք, որ միջանձնային ջերմ հարաբերություններից եւ մարդասիրական գաղափարներից առաջացած կենսախնդության եւ խանդավառության այս փոքրիկ կայծը դեռեւս երկար ժամանակ չի հանգչի:

Հուսով ենք, խնամված հուշարձանների գաղափարին նվիրված այս ծրագիրը կյանք կտա նմանատիպ բարի եւ խաղաղ նոր մտահաղացումներին եւ նախաձեռնություններին:

 

The text is developed by the participants

of the Forum: Mariya Arushanyan and others